Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Մեծ մաքրումներին» զոհաբերված դիվանագետն ու հետախույզը

«Մեծ մաքրումներին» զոհաբերված դիվանագետն ու հետախույզը
23.07.2023 | 11:39
Գարեգին (Գեորգի) Աբրահամի Ապրեսովը խորհրդային դիվանագիտության հասակ առնելու տարիների վառ անհատականություններից է, դիվանագիտական աշխատանքը հետախուզական գործունեությանը հմտորեն շաղկապած, մեծ արդյունավետությամբ գործած անհատականություն:
Նրա ծնողները Լեռնային Ղարաբաղից էին: Ապրուստի համար առավել բարենպաստ պայմանների որոնումներն Ապրեսյաններին շուտով բերում է Կովկասի նավթարդյունաբերության մայրաքաղաք, որտեղ էլ 1890 թվին ծնվել է բազմանդամ ընտանիքի հերթական արու զավակը։ Ծննդավայրում նախնական կրթությունն ստանալուց հետո ուսումնատենչ երիտասարդը հայտնվում է Մոսկվայում, որտեղ էլ 1914 թվին ավարտում պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, ստանում իրավաբանի մասնագիտություն:
1914-ին սկիզբ առած Առաջին համաշխարհային պատերազմը չի շրջանցում և նրան: Ծառայության երեք տարուց հետո Գ. Ապրեսովն ակտիվորեն մխրճվում է երկրի քաղաքական կյանքի մեջ, անդամագրվում բոլշևիկյան կուսակցությանը, ունենում սրընթաց կարիերա: 1917 - 1918 թվականներին Լենքորանի նահանգային խորհրդի նախագահն էր, Բաքվի կառավարման դիրեկտորիայի, Սարատովի հեղափոխական տրիբունալի անդամ, իսկ 1918 – 1919-ին` արդարադատության Սարատովի նահանգային բաժնի վարիչը։
Շուտով հեղափոխական ընդհատակյա գործունեությունը նրան հետ է բերում Կովկաս։ 1920 -1921թթ Ադրբեջանական ԽՍՀ արդարադատության ժողկոմի տեղակալն էր: Այս նշանակմանը շատ արագ հետևում է պաշտոնավարումը Կարմիր բանակի առանձին բրիգադում, որտեղ զբաղեցնում է պետի պաշտոնը, իսկ 1921-1922 թթ․ արդեն Վրաստանում էր Վրացական ԽՍՀ արդարադատության ժողկոմի կոլեգիայի անդամի կարգավիճակով:
1922 թվականից Գ. Ապրեսովի կյանքը կապվում է դիվանագիտական, վերջինիս հետ մեկտեղ հետախուզական գործունեության հետ, որում բացառիկ դեր է ունեցել ոչ միայն նրա հեղափոխական աշխատանքի կոփվածքը, այլև լեզուների իմացությունը: Զուտ տեղեկատվության համար՝ տիրապետել է ութ օտար լեզվի:
Մեկ տարի Ռեշտում (Պարսկաստան) ԽՍՀՄ հյուպատոս աշխատելուց հետո 1923-ին տեղափոխվում է պարսկաստանյան մեկ այլ քաղաք` Մեշխեդ, որտեղ արդեն Խորհրդային Միության գլխավոր հյուպատոսն էր, սակայն այս անգամ աշխատանքային պարտականությունների էական մի հավելումով` նրա ուսերին է ծանրանում ՄՊՔՎ-ի արտասահմանյան բաժնի ռեզիդենտի պարտականությունները:
Պարսկաստանյան եռամյա գործունեությունից հետո հայրենիք վերադառնալով` անցնում է մասնագիտական կրթությանն առնչվող աշխատանքի (1927-ի սեպտեմբերից 1928-ի մարտը ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի անդամ էր), սակայն շուտով այն ինքնակամ թողնում է, որովհետև ստացել էր նոր նշանակում` Բաքվում Արտաքին գործերի ժողկոմիսարիատի գործակալ էր (1927 - 1932), ինչին զուգահեռել է 1929-ին Ադրբեջանական ԽՍՀ, 1930-ին Ուզբեկական ԽՍՀ ժողկոմխուրհուրդներին կից արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատների լիազորի գործունեությունը։
Գ. Ապրեսովը, որ աշխատանքային բեղմնավոր գործունեության համար 1935-ին պարգևատրվել էր Լենինի շքանշանով, նույն թվականին նորից է առաջադրվում դիվանագիտական աշխատանքի` Ումրուչիում (Արևմտյան Չինաստան) ԽՍՀՄ հյուպատոսության գերագույն հյուպատոսն էր, միաժամանակ Միացյալ պետական քաղաքական վարչության ռեզիդենտը: Սակայն աշխատանքային այս նշանակումը երկար չի տևում։ Արդեն 1936-ին հետ է կանչվում Չինաստանից, ձերբակալվում։ Խորհրդային Միությունում սկսվել էր «մեծ մաքրումների» ժամանակաշրջանը՝ առաջնային հարվածի տակ էին հայտնվել պետական, դիվանագիտական, անվտանգության ու առհասարակ ուժային կառույցների աշխատակիցները։
Ձերբակալումից մեկ տարի անց դիվանագիտությունն ու հետախուզությունը մեկտեղած գործիչը հեռացվում է ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատից, երկրի անվտանգության համակարգից, հակախորհրդային գործունեության համար 1940-ին 10 տարվա ազատազրկման դատապարտվում՝ պատիժը կրելով Օրյոլի բանտում։ Սակայն արյունից էքստազի մեջ հայտնված խորհրդային պատժիչ մարմինները չեն բավարարվում այսքանով։ 1941-ին ԽՍՀՄ գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ, ի թիվս Օռլովի բանտում գտնված 161 կալանավորվածի, Գ․ Ապրեսովը դատապարտվում է գնդակահարության, դատավճիռն ի կատար է ածվում Օրյոլ քաղաքի մերձակա Մեդվեդևյան անտառում։
Շատ-շատերի նման հետմահու արդարացվել է և նա։ Դա եղել է Խորհրդային Միության գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ, «հանցակազմի բացակայության պատճառով» հիմնավորմամբ։ Սա ի դեպ այն նույն կառույցն էր, որ առանց աչք ճպելու, առանց գործերի քննության Գարեգին Աբրահամի Ապրեսովին 15 տարի առաջ դատապարտեց մահվան։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 4752

Մեկնաբանություններ